Ե՞րբ է իր դռները բացելու կրկեսը: Այս հարցն առաջին անգամ չէ, որ ուղղում ենք Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանին: ՈՒ սպասելի էր հակադարձումը. միջազգային մրցույթների են մասնակցում, մրցանակների են արժանանում, իսկ մենք միշտ նույն հարցն ենք տալիս՝ ե՞րբ է բացվելու կրկեսը: Մինչդեռ այդ հարցին ավելի ճիշտ կարող է պատասխանել շինարարական ընկերության գլխավոր ինժեները: «Չեմ ուզում ասել` այսօր կլինի, մեկ տարի հետո կլինի, ես ձեզնից շատ եմ ուզում, որ լինի: Ստեղծագործական մասից հարց ունե՞ք, խնդրեմ»,- ասաց ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Բայց հաջորդ հարցս էլ առանձնապես «ստեղծագործական» չէր. «Ինչու՞ չեն վերատեղադրում կրկեսի արքայի` Լեոնիդ Ենգիբարյանի արձանը, տարածքը բարեկարգվել է, արձանը դեռ չկա»:
«Ես էլ ամեն օր հարցնում եմ՝ ե՞րբ եք արձանը դնում: Դուք գիտե՞ք, որ Ենգիբարյանը իմ կուռքն է, ուսուցիչը, ես իր միակ աշակերտն եմ: Բայց ճարտարապետները պետք է որոշեն՝ որտեղ է հարմար տեղադրել այն: Ես կրկեսի գեղարվեստական ղեկավարն եմ»,- եղավ պատասխանը: Պարզվեց՝ որոշվել է, որ արձանը համահունչ չէ շենքի դրսի հետ ու դրվելու է շենքի ներսում: Ստացվում է` մինչև կրկես չմտնես, արձանի երեսը չես տեսնի: Բայց դեռ պետք է սպասել կրկեսի բացվելուն:
Ինչևէ, կրկեսում ստեղծագործական աշխատանքները շարունակվում են, «Տաշիր գրուպի» հովանավորությամբ վարձակալել են Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը: Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան այնտեղ է գործում, նաև բարեգործական ներկայացումներ են ունենում ՀՀ մարզերում, Արցախում:
«Շատերին թվում է` եթե կրկեսի շենքը դեռ պատրաստ չէ, մենք ոչինչ չենք անում,- ասաց մեր զրուցակիցը:- Ընդհակառակը, հիմա ավելի շատ գործ կա: Ազատ դերասան չկա: Սրճարաններում ելույթ ունեցողներին ասում են՝ ցիրկի դերասան: Դա սուտ է: Բոլոր պրոֆեսիոնալ դերասանները հյուրախաղերի են: Երբ կրկեսը գործի, մենք նրանց կհրավիրենք, նայած ում` որ ամսին, որ ծրագրին: Բացի այդ, թատերական ինստիտուտում ունենք կրկեսային ռեժիսուրայի կուրս, քննությունները բարեհաջող հանձնել ու փոխադրվել են չորրորդ կուրս: Այնպես որ, կրկեսի բացմանը մենք կունենանք նաև պրոֆեսիոնալ ռեժիսորներ»:
Ամեն դեպքում, օրակարգում շարունակում է մնալ կրկեսի բացման հարցը: «Ես ամեն օր, ամեն վայրկյան այնտեղ եմ, մենք էլ սրտատրոփ սպասում ենք,- ասում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավարը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը` GeoO-ի